Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Օրենքները լավն են, երբ գործում են

Օրենքները լավն են, երբ գործում են
05.11.2014 | 14:32

Եթե մինչ օրս որևէ մեկը պատժված լիներ հին շինությունը քանդելու կամ դրանք ձևափոխելու համար, ապա այսօր Երևանն ավելի լավ վիճակում կլիներ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ասելով, թե այս տարի Երևանը կորցրեց ևս մեկ ճարտարապետական հուշարձան՝ Հր. Աճառյանի անվան դպրոցի շենքը: «Այն ընդգրկված էր պետության կողմից պահպանվող շինությունների ցանկում, բայց մենք կորցրինք մի կարևոր շենք, որը կրթօջախ էր և որտեղ սովորել են մեզ համար նշանակալի մարդիկ»,-ասել է ՃՄ նախագահը: Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ չի կարելի նման վերաբերմունք ցուցաբերել ճարտարապետական արժեք ներկայացնող շինությունների նկատմամբ: Դա նման է այն բանին, որ մարդ «իր կյանքի որոշ ժամանակահատվածներից կտորներ հանի ու վերացնի»: Մինասյանը հույս է հայտնել, որ գոնե շենքի ֆասադային հատվածը կվերականգնվի՝ համաձայն խոստումի: Ինչ վերաբերում է «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքին, Մինասյանը հույս ունի հասնելու նրան, որ կոնցեսիոները շենքը պահպանի: «Նրանց կողմից բարձրացվել էր էստակադան քանդելու հարցը»,-ասել է Մինասյանը՝ միաժամանակ նշելով, թե նախադեպերը ցույց են տալիս, որ շենքը մասնակի քանդելու դեպքում հետագայում այն «ամբողջությամբ վերացնում են»: Ճարտարապետների միության նախագահը նշել է, որ եթե անգամ շենքը չի բավարարում ներկայիս պահանջներին, ապա այն կարելի է գործածել այլ ֆունկցիաների համար: Ասենք՝ գործածել նույն ֆունկցիայով, բայց քիչ ծանրաբեռնվածությամբ կամ էլ տրամադրել օդանավակայանի այլ ֆունկցիաների համար:

Մկրտիչ Մինասյանը նշել է, որ Ճարտարապետների միությունը պատրաստվում է դիմելու մշակույթի նախարարությանը՝ ներկայացնելով մի ցանկ, որում ներառված կառույցներն ընգրկվեն պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում: Մինասյանը նման կառույցներից նշել է մի քանիսի անունները՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային շենքը, «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը, մետրոյի «Հանրապետական» և «Երիտասարդական» կայանները: Ճարտարապետները մտավախություն ունեն, որ մի օր էլ այդ կառույցները կարող են աղավաղվել: Ինչ վերաբերում է հուշարձանների պահպանությանն առնչվող օրենսդրական դաշտին, միության նախագահը նշել է, որ Հայաստանի օրենքները լավն են, սակայն դրանք չեն գործում:
Ի հավելումն ասվածի նկատենք, որ այսօրվա Երևանը կորցրել է ոչ միայն իր դեմքը, այլև տարիքը: Շրջելով քաղաքի փողոցներով, որևէ մեկի մտքով չի անցնի, որ այս քաղաքը 2796 տարեկան է: Անգամ 100 տարին անհավատալի թիվ է այսօրվա Երևանի համար: Ժամանակին քանդված ու համարակալված շենքերը ոչ միայն չվերականգնվեցին, այլև նորերն են քանդվում: Հին Երևանի վերականգնման մասին խոստումները դեռ նյութ ու արժեք չեն դարձել, իսկ այսօրվա ընթացքը շարունակում է «ոտքի տակ տալ» հատուկենտ մնացած ճարտարապետամշակութային արժեք ներկայացնող հին շինությունները:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 13451

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ